ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Բացակայող պատգամավորներից մինչև «շնորհակալ» մարզպետ

Բացակայող պատգամավորներից մինչև «շնորհակալ» մարզպետ
01.03.2013 | 00:43

«ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՍ ԴԱՌՆՈՒՄ ԱՌՈՂՋ, ԲԱՅՑ ԻՆՉ-ՈՐ ԺԱՄԱՆԱԿ ՀԵՏՈ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ ԵՍ»
Այս քառօրյայում «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին ԲՀԿ-ն բավականին «խիստ» արձագանքեց: Օրենքը բացակայող պատգամավորների մասին է, ու, ըստ էության, հասցեատերը հստակ դա հասկացել էր: Գործարար, ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ հարցրինք` լա՞վ է, որ ո՛չ հիվանդ, ո՛չ էլ գործուղման մեջ չգտնվող պատգամավորների բացակայությունն անհարգելի է համարվելու:
-Ես դպրոցից սկսած ամեն ինչի հանդեպ պարտաճանաչ եմ եղել ու կլինեմ: Եթե հարգելի պատճառներ կան, պիտի հաշվի առնել:
-Այդ «հարգելին» հնարավո՞ր է մի ողջ նստաշրջան ձգվի:
-Այո, եթե հիվանդ է կամ գործուղման մեջ է:
-Եթե այդքան երկար ժամանակ հիվանդ է կամ էլ տարբեր երկրներում է լինում, ինչո՞ւ է խորհրդարան եկել, թող այլ գործով զբաղվի:
-Աստված մեզնից հեռու պահի, բայց մարդիկ երբեմն ամիսներով հիվանդանում են: Մարդ ես, պատգամավոր ես դառնում առողջ, բայց ինչ-որ ժամանակ հետո հիվանդանում ես: Իր կամքից չի կախված:
-Հիմա բացակայությունը պետք է հարգելի կամ անհարգելի համարի էթիկայի հանձնաժողովը:
-Մեկը պիտի որոշի՞, թե՞ չէ: Ի՞նչ տարբերություն, թե ով է որոշելու:
-ԲՀԿ-ն պնդում է, որ քաղաքական ենթատեքստ ունի այս նախագիծը:
-ԲՀԿ-ից հարցրեք, բայց ԱԺ-ն սովորաբար քաղաքական մարմին է:
-Համամի՞տ եք, որ այս օրինագիծն ինչ-որ մեկի դեմ է ուղղված:
-Չեմ կարծում: Այսինքն, ո՞նց` ինչ-որ մարդկանց դեմ:
-Ի՞նչ եք կարծում, պատգամավորները չպե՞տք է քառօրյա նիստերի ժամանակ գոնե օրվա կեսը լինեն խորհրդարանում:
-Կոնկրետ իմ օրինակով ասեմ. հիմա ես դահլիճից դուրս եմ ու գնում եմ իմ կաբինետ, բայց դա չի նշանակում, որ չեմ հետևում ԱԺ աշխատանքներին: Իսկ ներկա լինելը ցանկալի է:


«ՄԱՐԶՊԵՏԸ ՉԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՅՔԸ»
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գեղարքունիքի մարզպետարանի կայքում տեղադրված տեղեկությանը, թե մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել մարզպետարանի աշխատակիցներին, համայնքի ղեկավարներին` Սերժ Սարգսյանի համար լավ ցուցանիշներ ապահովելու համար: Այս առիթով մի քանի հարց ուղղեցինք ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ:
-Փաստորեն, Դուք վարչական լծակնե՞ր եք գործի դրել:
-Ոչ, այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
-Ձեր կայքում նման տեղեկություն չկա՞:
-Այդ տեղեկությունը մարզպետարանի լրատվության բաժնի ոչ կոմպետենտ վերաբերմունքի մասին է խոսում:
-Սակայն փաստ է, որ Դուք որոշ մարդկանց շնորհակալություն եք հայտնել։
-Այո, ես շնորհակալություն հայտնել եմ ոչ ցուցանիշների համար, այլ սահուն ընտրություններ անցկացնելու համար: Ընտրություններից հետո դա իմ առաջին խորհրդակցությունն է եղել, ցանկացած համապետական իրադարձությունից հետո պարտավոր ես դրան անդրադառնալ: Տեղեկատվություն եմ ներկայացրել ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ: Մեզ մոտ ոչ մի տեսակի դիտողություն, խախտում չի արձանագրվել, ոչ մի դիմում-բողոք չի եղել: Այո, ընտրություններից հետո համայնքի ղեկավարներին, որոնք շտաբի պետերն էին, շնորհակալություն եմ հայտնել ընտրությունների կազմակերպման և անցկացման համար, քանի որ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները նրանց միջոցով եմ արել: Իսկ լրատվության բաժինը, չլինելով կոմպետենտ, նման տեղեկություն է դրել կայք: Մարզպետը չի վերահսկում մարզպետարանի կայքը, դա աշխատակազմի ղեկավարի խնդիրն է, որն էլ իր մոտ է կանչել լրատվության ղեկավարին ու խիստ նկատողություն տվել:
-Փաստորեն, տեղեկության համար պատժվողնե՞ր էլ են եղել:
-Այո, երկու օր առաջ, խորհրդակցությունից անմիջապես հետո, լրատվության ղեկավարը նկատողության է արժանացել:
-Դուք շնորհակալություն հայտնել եք լավ աշխատանքի համար, իսկ պատժվողներ չե՞ն եղել:
-Գեղարքունիքում նախընտրական և ընտրական աշխատանքները փայլուն են կատարվել: Մեր ոչ մի համայնքում Սերժ Սարգսյանը ցածր ձայն չի ստացել: Դրանով առանձնանում է մեր մարզի ազգաբնակչությունը:


Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ